Համընդհանուր Բարեկարգյալ
ՀԱՎԱՏԱՄՔ
«Զուտ բողոքական» հավատո հանգանակ ի նշանավորումն Բարեկարգության(Ռեֆորմացիաի) 500-րդ տարեդար
ԲԱՐԵԿԱՐԳԻՉ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՎԱՆԱՆՔ ԱՌ ԱՅՆ, ՈՐ ՏԱՐԲԵՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԵՎ ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ԲՈՂՈՔԱԿԱՆՆԵՐՍ, ՄԻԱԲԱՆ ԱՍՈՒՄ Ե
«Հավատում ենք…»
ԵՌԱՄԻ ԱՍՏԾՈ
Աստված մի է՝ անսահման մեծ ու բարի, արարիչը և պահպանողը ամենայն բանի՝ տեսանելի ու աներևույթ, միակ ճշմարիտ աղբյուրը լույսի ու կյանքի, որ կյանք ունի իրենում և փառավոր լույսի ու ինքնիշխան սիրո մեջ հավիտյան ապրում է երեք անձերի՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու մեջ (Մատթ. 28:19, Բ Կոր. 13:13), հավասար՝ իրենց բնությամբ, մեծությամբ և փառքով: Ամեն բան, որ Աստված անում է աշխարհը արարելիս, պահպանելիս, դատելիս և փրկելիս, արտացոլում է Աստծո էությունը, Նրան, որի կատարելությունը, ներառյալ՝ սերը, սրբությունը, իմացությունը, իմաստությունը, զորությունն ու արդարությունը բացահայտվել է փրկագործության պատմության մեջ: Աստված իր ինքնիշխան նպատակով, նախքան աշխարհի արարումը, կամեցել է իր համար ժողովուրդ ընտրել ու ձևավորել՝ իր թանկագին սեփականությունը լինելու (Բ Օրին. 7:6) ի գովություն իր փառքի (Եփես. 1:3-14):
ՍՈՒՐԲ ԳԻՐ
Որ Աստված խոսել և խոսում է Սուրբ Գրքի մեջ և միջոցով, միակ անսխալական և բավականաչափ ըմբռնելի կանոնն ու հեղինակությունը քրիստոնեական հավատքի, մտքի ու կյանքի (sola scriptura): Սուրբ Գիրքը Աստծո ներշնչյալ ու լուսատու Բանն է իր ծառաների (Սաղմ. 119:105), մարգարեների ու առաքյալների խոսքում՝ Աստծո իսկ լույսի ու կյանքի շնորհառատ ինքնահաղորդակցումը՝ իբրև շնորհի միջոց գիտության ու սրբության մեջ աճելու: Աստվածաշունչը արժանահավատ է իր ամեն ուսուցման մեջ, հնազանդելի՝ իր պատվիրաններում, վստահելի՝ իր խոստումներում և ակնածալի՝ իր հայտնություններում (Բ Տիմ. 3:16):
ՄԱՐԴ ԷԱԿՆԵՐ
Որ Աստված իր բարությունը հայտնում է ամեն արարածի, ի մասնավորի՝ մարդ էակներին, որոնց՝ արու և էգ, ստեղծել է իր իսկ պատկերով (Ծննդ. 1:26-27), և որ ամեն տղամարդ, կին և երեխա օժտված է անկապտելի արժանապատվությամբ (իրավունքներով) և արարածի կոչմամբ (պարտավորություններով):
ԱՆԿՅԱԼ ՎԻՃԱ
Որ նախաստեղծ բարի արարչությունը և մարդ արարածը ապականվեցին մեղքով, այսինքն՝ առաջին մարդ էակների ինքնակործան ընտրությամբ՝ մերժելու Արարչին և արարչակարգը՝ իրենց սեփական ուղիով ընթանալով և Աստծո՝ կյանքի օրենքը խախտելով (Հռոմ. 3:23): Օրենսդրին չհնազանդելով՝ Ադամն ու Եվան կարգի փոխարեն անկարգություն կրեցին (Հռոմ. 8:20-21), հավանության փոխարեն՝ աստվածային դատապարտություն, ինչպես և մահ՝ կյանքի փոխարեն՝ իրենց և իրենց ժառանգներին (Սաղմ. 51:5, Հռոմ. 5:12-20):
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈ
Որ Հիսուս Քրիստոս Աստծո հավիտենական Որդին է՝ մեզ և մեր փրկության համար մարդացած (Հովհ. 3:17), միակ Միջնորդը (solus Christus) Աստծո և մարդկության միջև (Ա Տիմ. 2:5), կույս Մարիամից ծնված, Որդին Դավթի և ծառան Իսրայելի տան (Հռոմ. 1:3; 15:8). մեկ անձ երկու բնությամբ, ճշմարիտ Աստված և ճշմարիտ մարդ: Նա լրիվ մարդկային կյանք ապրեց՝ մուտք գործելով անկյալ գոյության անկարգություն և խաթարվածություն, սակայն առանց մեղքի, և իր խոսքով, գործերով, վերաբերմունքով ու չարչարանքով մարմնավորեց ազատ ու սիրալիր հաղորդակցումը Աստծո սեփական լույսի (ճշմարտության) և կյանքի (փրկության):
ՔՐԻՍՏՈՍԻ ՔԱՎԻՉ ԳՈ
Որ անարժանների հանդեպ բարեգութ Աստված ողորմածաբար հոգացել է մարդկային չարագործությունների, պղծության ու հանցանքների քավությունը առժամանակյա և տիպաբանորեն՝ Իսրայելի Տաճարի ու մեղքի պատարագներով, ապա և վերջնականապես ու փառավորապես՝ խաչի վրա Հիսուսի՝ իր մարդեղեն մարմնի տաճարում (Եբր. 10:11-12) մեկընդմիշտ բավարար ու կատարյալ զոհաբերական մահվան պարգևով (Հռոմ. 6:10, Ա Պետ. 3:18): Մեր փոխարեն մեռնելով՝ նա հայտնեց Աստծո սերը և բավարարեց Աստծո արդարադատությանը՝ հեռացնելով մեր հանցանքը, նվաճելով մեզ գերյալ պահող ուժերը և հաշտեցնելով մեզ Աստծո հետ (Ես. 53:4-6, Բ Կոր. 5:21, Կող. 2:14-15): Միմիայն շնորհով (sola gratia), ոչ մեր գործերով կամ արժանիքներով է, որ ներում գտանք, ոչ մեր արցունք քրտինքով, այլ միմիայն Հիսուսի հեղած արյունով է, որ մաքրագործվեցինք:
ԱՎԵՏԱՐԱՆ
Որ ավետարանը բարի լուրն է, որ Եռամի Աստված իր շնորհը հեղեց Տեր Հիսուս Քրիստոսի կյանքի, մահվան, հարության ու համբարձման մեջ, որպեսզի իր գործով խաղաղություն ունենանք Աստծո հետ (Հռոմ. 5:1): Հիսուս ապրեց կատարյալ հնազանդությամբ, թեև կրեց ամեն չարչարանք, որին մեղավորներն էին արժանի, որպեսզի մեղավորները սեփական արդարությամբ չընթանան՝ ապավինելով իրենց գործերին, այլ հավատալով Նրան, որպես կատարումն Աստծո խոստումների, արդարանան միայն հավատքով (sola fide), որպեսզի ժառանգակից դառնան Նրան: Քրիստոս մեռավ մեղավորների փոխարեն՝ վճարելով մեղքի վարձքը (Հռոմ. 6:23), որպեսզի իրեն հավատացողները նույնպես մեռնեն մեղքի իշխանությանը, պատժին ու մեղսագործությանը: Քրիստոս հարյավ՝ անդրանիկը նորոգյալ ու վերականգնյալ արարչության, որպեսզի նրանք էլ, որոնց Հոգին միավորում է Նրա հետ հավատքով, հարություն առնեն և նոր մարդկություն կերտեն Նրանում (Եփես. 2:15): Աստծո պատկերով նորոգված՝ ի զորու լինեն Նրա կյանքն ապրել իրենց մեջ: Քրիստոսի հետ մի և կենդանացած Նրանում, որ միակ հիմքն է փրկության, մեղավորները հաշտվել են Աստծո հետ՝ արդարացված, որդեգրված, սրբագործված և, ի վերջո, դարձել փառավորված որդիները խոստման:
ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԱՆՁԸ ԵՎ ԳՈՐԾ
Որ Սուրբ Հոգին Երրորդության երրորդ անձն է՝ աներևույթ, բայց Աստծո գործուն անձնական ներկայությունն աշխարհում: Նա հավատացյալներին միացնում է Քրիստոսին, վերածնում և նոր արարած դարձնում նրանց (Տիտ. 3:5), որոնց սրտերը հակված են Աստծո թագավորության լույսին ու կյանքին և խաղաղությանն ու արդարությանը՝ երկրի վրա: Հոգին բնակվում է նրանց մեջ, որոնց կենդանացնում է Քրիստոսով, հավատքով միավորում է Քրիստոսի մարմնում և նմանեցնում Քրիստոսի կերպարին, որպեսզի փառավորեն իրեն՝ գիտության, իմաստության և սիրո մեջ աճելով դեպի հասուն սրբություն, Քրիստոսի կատարյալ հասակի չափով (Եփես. 4:13): Հոգին լույսն է ճշմարտության և հուրը սիրո, որ շարունակ սրբացնում է Աստծո ժողովրդին՝ հորդորելով նրանց ապաշխարության և հավատքի, օժտելով նրանց զանազան պարգևներով, ուղղորդելով նրանց վկայությունը և լիազորելով նրանց աշակերտությ
ԵԿԵՂԵՑԻ
Որ մեկ, սուրբ, տիեզերական և առաքելական եկեղեցին Աստծո նոր հասարակությունն է, առաջին պտուղը նոր ստեղծագործության, դարեդար փրկագնվածների հանրությունը, որոնց Տերն ու գլուխը Քրիստոսն է: Ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսն է՝ կենդանի Աստծո Որդին, եկեղեցու աներեր հիմքն է (Մատթ. 16:16-18, Ա Կոր. 3:11): Տեղական եկեղեցին թե՛ դեսպանությունը, թե՛ այլաբանությունն է երկնքի թագավորության, երկրային վայրը, որտեղ Նրա կամքը կատարվում է, և Նա այժմ ներկա է՝ տեսանելիորեն առկա ամենուր, որտեղ երկուսը կամ երեքը հավաքվում են Նրա անունով՝ հռչակելու և սփռելու ավետարանը՝ խոսքով ու սիրո գործերով, հնազանդելով աշակերտներ մկրտելու (Մատթ. 28:19) և Տերունական ընթրիքը տոնելու (Ղուկ. 22:19):
ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԸՆԹՐ
Որ այս երկու կարգը՝ մկրտությունն ու Տերունական ընթրիքը, որ մեզանում ոմանք անվանում են «խորհուրդ», որը Սուրբ Հոգին առնչում է Բանին իբրև ավետարանի խոստումը հռչակող տեսանելի բառեր, և այդպիսով դառնում են վայր, որտեղ ընդունողները դարձյալ հանդիպում են Նրան: Մկրտությունը և Տերունական ընթրիքը Քրիստոսվ կյանք են հաղորդում հավատավորներին՝ հաստատելով նրանց իրենց վստահության մեջ, որ Քրիստոս՝ Աստծո պարգևն Իր ժողովրդին, հիրավի «մեզ համար և մեր փրկության» համար է, և սնուցանում են նրանց իրենց հավատքի մեջ: Մկրտությունը և Տերունական ընթրիքը նյութական կիզակետն են Բարեկարգության հիմնարար գաղափարների՝ Աստծո պարգևները (sola gratia) և հավատքը, որ առնում է դրանց խոստումը (sola fide): Դրանք շոշափելի արտահայտությունն են ավետարանի, որքանով որ վառ պատկերում են մեր մահը, հարությունը և միացումը Հիսուսի մարմնին («մեկ հաց … մեկ մարմին». Ա Կոր. 10:16-17), իրապես ներկայացնում են Քրիստոսին և հաշտությունը, որ Նա իրագործեց խաչի վրա: Մկրտությունը և Տերունական ընթրիքը ամրացնում են հավատացյալներին՝ տեսանելիորեն հիշեցնելով, ազդարարելով և կնքելով մեղքերի թողության և Աստծո ու միմյանց հետ Քրիստոսի խաղաղարար արյան միջոցով հաղորդության շնորհառատ խոստումը (Ա Կոր. 11:26, Կող. 1:20):
ՍՈՒՐԲ ԿՅԱՆՔ
Որ մկրտությանը և Տերունական ընթրիքին մասնակից լինելով, ինչպես նաև աղոթքով, Խոսքին ծառայելով և ընդհանուր երկրպագության այլ ձևերով աճում ենք դեպի մեր նոր իրողությունը որպես Աստծո ժողովուրդ և սուրբ ազգ (Ա Պետ. 2:9, 10), որ կանչված ենք Քրիստոս հագնելու Իր ներբնակող Հոգու միջոցով: Հոգու կենսատու զորությամբ է, որ մենք ապրում ենք Քրիստոսին ընդօրինակելով իբրև Նրա աշակերտները, անհատապես և միասին, իբրև թագավորական քահանայություն, որ հռչակում է Նրա գերազանց գործերը և մեր մարմինները հոգևոր զոհաբերություն ընծայում Աստծո ճշմարիտ երկրպագության մեջ և զոհաբերական ծառայություն աշխարհին՝ սիրո գործերով, աղքատների հանդեպ կարեկցանքով և ճնշվածների հանդեպ արդարությամբ՝ միշտ, ամենուր և ամենքին խոհեմ վկայությունը լինելով ճանապարհի, ճշմարտության և Հիսուս Քրիստոսի կյանքի:
ՎԱԽՃԱՆԻ ԲԱՆԵՐ
Որ մարմնով հարուցյալ և համբարձյալ Քրիստոս Աստծո ճիշտ ժամանակին ու կերպով տեսանելիորեն վերադառնալու է մահվան ու սատանայի հանդեպ իր հաղթությամբ (Ա Կոր. 15:26) ավարտին հասցնելու Աստծո նպատակը բովանդակ տիեզերքի համար: Նա դատելու է աշխարհը՝ անհավատության մեջ համառողներին դատապարտելով իր ներկայությունից հավիտյան բաժանման, որտեղ իր կյանքն ու լույսը չկան այլևս: Իսկ իր ժողովրդին պատրաստելու է իբրև հարս՝ Գառնուկի հարսանյաց խնջույքին (Հայտ. 19:7-9)՝ հանգիստ բերելով խռովյալ սրտերին և կյանք՝ փառավորյալ մարմիններին (Ա Կոր. 15:42-44, Փիլ. 3:21)՝ ի ցնծություն և ընկերակցություն իրենց Տիրոջ հետ և ի բերկրություն նոր երկնքում ու նոր երկրում (Հայտ. 21:1-2): Այնտեղ նրանք կթագավորեն Նրա հետ (Բ Տիմ. 2:12, Հայտ. 22:5) և կտեսնեն Նրան դեմ առ դեմ (Ա Կոր. 13:12, Հայտ. 22:4)՝ հիացմունքով, սիրով և փառաբանությամբ հավերժ զմայլված:
Soli Deo Gloria!